Ամփոփվեցին «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման դասընթացի արդյունքները

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման 5-օրյա դասընթացի ամփոփում՝ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների և դասընթացների ուսուցիչների մասնակցությամբ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ողջունեց ծրագրի մասնակից ուսուցիչներին՝ 8 փուլերին անցկացրած դասերը կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար: Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը ամփոփեց դասընթացների արդյունքները, առանձնացրեց այս տարվա առանձնահատուկ կողմերը, նշեց այն բացթողումները, որոնք, թերևս, աննկատելի էին, սակայն այդ ուղղությամբ և հաջորդ տարվա դասընթացները կազմակերպելիս, ծրագրավորելիս և խմբերում աշխատելիս՝ պետք է հաշվի առնվեն և դասընթացներում կիրառվող մեթոդները կատարելագործվեն: Վերջինս նաև ուշադրություն դարձրեց հենց լեզվական իմացության մակարդակներին համապատասխան աշխատանքի նոր, գրավչական լեզվուսուցման մեթոդներին, եղանակներին, դիդակտիկ միջոցներին: Միաժամանակ առաջարկվեց սոցիալական ցանցում ունենալ խումբ և շարունակել քննարկումները թե´ միմյանց միջև, թե´ մասնակից երեխաների հետ:

Ծավալվեց քննարկում, ուր հանդես եկան բոլոր ուսուցիչները՝ վերլուծելով անցկացրած դասերը: Նրանք մատնանշեցին դասավանդվող խմբերի առանձնահատկությունները, դասապրոցեսներից առանձնացրեցին առանձին դրվագներ, խոսեցին բնակության երկրի լեզվական հիմքով մասնագիտացված աշխատանքի մասին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մոսկվայի «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մ.գ.թ. Շողիկ Փահլևանյանը, ով հրավիրյալ ուսուցիչ է «Արի տուն» ծրագրում, ընդգծեց, որ ամենակարևորը այս ծրագրում Սփյուռքից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին «հայ մկրտելն է», որի հավաստիքը իրենց պաստառներում ու գրավոր շարադրանքում արտացոլված խորհրդանիշներն ու եզրահանգումներն են: Զեկուցողը վկայեց, որ արիտունցիներին մշտապես պատգամել է շնորհակալ լինել իրենց նախնիներին ու արժևորել նրանց արժեքները, քանի որ նրանք են հայ ժողովրդի ապագան: Հավելեց նաև, որ մասնակիցների 70 տոկոսը գրաճանաչ էին, իսկ մնացյալը՝ մասամբ կամ ընդհանրապես չէին տիրապետում հայոց այբուբենին, բանավոր հայերենին (բարբառային կամ խոսակցական-կենցաղային հայերենին): Ունենալով օտարախոս սփյուռքահայերին հայոց լեզու դասավանդելու շուրջ երեք տասնամյակի փորձ՝ իբրև դասագիրք տիկին Փահլևանյանը կիրառել է իր հեղինակային ձեռնարկները՝ «Ռուս-հայերեն զրուցարանը», «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարանը», «Ռուսալեզու միջավայրում հայ երեխաների գրաճանաչության կազմակերպման առանձնահատկությունները», «Հայկական անձնանունների բառարանը», «Հայկական երգերի ժողովածուն»:

Հաջորդիվ ներկայացրեց ուսուցչական կազմի փորձի արդյունքում ձևավորված եզրակացություններն ու առաջարկները. դասերի տևողության երկարացում, արդիական դիդակտիկ նյութերի և զննական պարագաների ապահովում:

Հաջորդ զեկուցողը՝ բ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի գիտաշխատող Լուսինե Հայրիյանը, իր խոսքում շեշտեց, որ դասընթացները հարթակ են հանդիսանում նաև երեխաների ստեղծագործ ոգու և երևակայության արթնացման համար, քանզի պատանիները խանդավառությամբ են մասնակցում հայրենի բնօրրանը խորհրդանշող պաստառների կերտմանն ու ձևավորմանը, դառնում ազգային շուրջպարի բռնված շղթայի մի օղակը կամ ստեղծում հանրահռչակ առակների, հեքիաթների իրենց տարբերակները, թղթին հանձնում իրենց մտքի թռիչքն ու ապրումները:

Զեկուցողը խոսեց նաև հայրենաճանաչության և ինքնազարգացման նպատակներով արիտունցիներին տրվող ցանկ-ընտրանու մասին, որտեղ ներառված են հայ հին և նոր գրականության գլուխգործոցների վերնագրեր, համաշխարհային կշիռ ունեցող հայ հեղինակների ստեղծագործություններ, նաև հայոց էթնոմշակութային ուրույն հատկանիշները ընդգծող և պատմական նշանակալից իրադարձություններ ներկայացնող տարաժանր ֆիլմեր:

Ուսուցչուհի Անի Խալաթյանը, Աիդա Օհանյանը և Մարիամ Սարգսյանը իրենց ամփոփիչ  խոսքում  նշեցին, որ  մեծ ոգևորությամբ ու սիրով են դասավանդում Սփյուռքից ժամանած հայորդիներին: Դասընթացները անցկացրել են ուղղագրության, ուղղախոսության, բառապաշարի հարստացման և կետադրության ոչ լիարժեք իմացությունները հաշվի առնելով: Հանձնարարված շարադրություններում Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները մեծ գոհունկությամբ ու հիացմունքով են արտահայտել իրենց մտքերը՝ հայրենիքում լինելու և մայր լեզուն սեփական հողում սովորելու մասին: Նրանք փաստեցին նաև, որ արիտունցիները այս ծրագիրը համարում են հայեցի մթնոլորտ ու հայրենիքին կապող ևս մեկ թել, հիշողությունների ու հայ լինելու զգացողության ազդակ, որը նրանց կյանքում դեռ երկար կզարկի՝ անընդհատ հիշեցնելով իրենց ինքնության և մայրենիի մասին:

Գայանե Բաբլոյանը, Մաքրուհի և Նարինե Գևորգյանները խոսեցին իրենց աշխատանքային գործունեության մասին՝ նշելով, որ հայրենասիրությունը երեխաների մեջ խորացնելու միտումն ուղենիշ են դարձրել բոլոր փուլերի ընթացքում: Այս տարի ավելի հաճախ են հնչել հայրենիք վերադառնալու, հայրենիքում իրենց կրթական և աշխատանքային գործունեությունը ծավալելու ցանկությունները: Նրանց դասերը անցկացվել են և՛ լեզվական, և՛ պատմական ու մշակութային՝ դաս-վիկտորինաների միջոցով:

Իսկ Լենա և Լիզա Թաթոսյանները հավելեցին, որ «Արի տուն» ծրագիրը իսկապես ծառայում է իր նպատակին: