Ավարտվեց «Արի տուն-2017» ծրագրի 7-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը

Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը (իսկ այն անցյալում դառն է եղել), ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը:

                                               Ջորջ Բայրոն

Օգոստոսի 7-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 7-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացն ավարտվեց Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ տիկին Սիրվարդ Համբարյանի բացման խոսքով:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, նա ողջունեց Ռուսաստանից, Վրաստանից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից ժամանած արիտունցիներին՝ ընդգծելով, որ  «Արի տուն»-ը  ոչ միայն նպաստում է, որպեսզի պատանիներն ու աղջիկները ճանաչեն իրենց հայրենիքն ու ազգային արժեքները, այցելեն պատմական, տեսարժան ու մշակութային վայրեր, այլև լավագույն հնարավորություն է բազմամշակութային հաղորդակցության,արժեքների փոխանակման:

Այս փուլում փոքրաքանակ էր հայերենի իմացությամբ առանձնացող արիտունցիների թիվը, հետևաբար, գրեթե բոլոր խմբերում տարվեցին տառուսուցմանն ու խոսքի զարգացմանը նպատակաուղղված տարաբնույթ և տարատեսակ աշխատանքներ, որոնք տվեցին ցանկալի արդյունք:

Առհավատչյան եզրափակիչ դաս-ցերեկույթն էր. խմբերից յուրաքանչյուրն  հանդես եկավ ինքնատիպ ելույթով և Հայաստանի պատմամշակութային  հնավայրերի պատկերներն ու ժամանակագրությունը ներկայացնող բովանդակալից  պաստառով, որոնց պատրաստման ընթացքին անմիջական մասնակցություն ցուցաբերցին դասավանդող ուսուցիչներ՝ Շողիկ Փահլևանյանը, Լուսինե Հայրիյանը, Մաքրուհի Գևորգյանը, Գայանե Բաբլոյանը, Լիզա Գինոսյանը, Աիդա Օհանյանը, Սերա Շահինյանը:

Դասընթացքի ընթացքում արիտունցիներին այցելեց Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր պարոն Սևակ Հակոբյանը: Նա ողջունեց ծրագրի մասնակիցներին և արժևորեց հայրենաճանաչողությանը նպաստող «Արի տուն» ծրագիրը, որը կանչ է դեպի հայրենիք, մղում հայ ժողովրդին նվիրվածության և հայ ինքնության  գիտակցման:

Ավանդույթի համաձայն դասընթացի փակմանը բարեմաղթանքներ հղեց  Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն տիկին Անահիտ Խեչումյանը, ով իր խոսքում պատիվ համարեց «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացներն իրենց դպրոցում կազմակերպելու իրողությունը, որը ոչ թե պատահականություն է, այլ  Լուի Արագոնի դիպուկ բնորոշման  արտացոլանքը. «Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմիանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»:

արի-տուն1-1