Արիտունցիները հայտնել են հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը

«Մեր  արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր է մեր սաղարթը: Ով պատմություն  ունի, չի կարող ետ չնայել, ով անցյալ ունի, չի կարող հիշողություն չունենալ»:

                                                                                                                               Պարույր Սևակ

Օգոստոսի 14-ին մեկնարկեց «Արի տուն-2017» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը, որին մասնակցում են շուրջ 70 պատանի ու աղջիկ Ռուսաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, Լեհաստանից, Արաբական Միացիալ Էմիրություններից:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին արդեն Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում մեկնարկեց «Արի տուն-2017» ծրագրի 8-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը, որի բացմանը ելույթ ունեցավ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ տիկին Սիրվարդ Համբարյանի: Նա ներկայացրեց «Արի տուն» ծրագրի առավելությունները, ներկաներին ծանոթացրեց դասավանդող ուսուցիչներին, ովքեր իրենց գործի նվիրյալներն են և անում են ամեն ինչ՝ մասնակիցների հայեցի դաստիարակության համար:

Դասընթացին ուսուցիչների կողմից կիրառվել են տարատեսակ մեթոդական աշխատանքներ՝ տառասուցում, բանավոր և գրավոր խոսքը զարգացնող ուղղագրական-ուղղախոսական առաջադրանքներ, խաչբառեր, աքրոստիկոսներ, քերականական հանելուկներ, առած- ասացվածքներ, խաղ-առաջադրանքներ: Ինքնատիպ են անցել եզրափակիչ դասերը:

Մոսկվայի Վերածնունդ հայկական դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանն  իր երախտագիտության խոսքը  հայտնեց Ռուսաստանից ժամանած իր խմբի  մասնակիցներին ու հատկապես նրանց ծնողներին, որոնք ամեն ինչ անում են՝ իրենց երեխաներին հայկական արմատներին կառչած պահելու ուղղությամբ: Թեև խմբի անդամները գրաճանաչ էին և չէին տիրապետում մայրենի լեզվին, բայց այդ դասընթացի ժամանակ իրենց միասնական հրաժեշտի նամակում նշեցին, որ այն գիտելիքները, որոնք ստացան նրանք այսօր՝  իրենց հետ կտանեն և էլ ավելի կզարգացնեն  ու կհարստացնեն իրենց բնակավայրերում: Եզրափակիչ դասը երեխաները ավարտեցին տիկին Շողիկ Փահլևանյանի «Ռուս-հայերեն զրուցարանի», «Անգլերեն-ռուսերեն-հայերեն զրուցարանի», «Հայկական երգերի ժողովածուի» և հայ մեծերի՝ Մայրենիին նվիրված թևավոր խոսքերով, բանաստեղծություններով ու երգերով:

Հետաքրքիր է անցել ամփոփիչ դասը Լուսինե Հայրիյանի մոտ, որտեղ  մասնակիցները հանդես են եկել «Հայաստանի զարգացման ծրագրերը» խորագրով հարցմանը: Գայանե  Բաբլոյանն  անցածն ամփոփել է հայրենագիտական վիկտորինայով, Աիդա Օհանյանը՝ «Ո՞րն է հայ ժողովրդի գաղտնիքը» հարցադրմամբ բացեց խմբի անդամների ներաշխարհը, իսկ  Մաքրուհի Գևորգյանի խմբում մասնակիցները Մայրենիով  փորձել են զուգադրել իրենց երկրների և Հայաստանի ընդհանրություններն ու տարբերությունները՝ ընդգծելով Հայաստանի առավելությունները՝ հայտնելով հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը: Մայրենիի կարևորությունը Սերա Շահինյանը ապահովել  է առած-ասացվածքների գործածությամբ:

Հրաժեշտից առաջ բոլոր արիտունցիներն իրենց շնորհակալական խոսքն ասացին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին,  Եղիշե Չարենցի անվան  դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանին: Բոլորի ցանկությունն էր, որ «Արի տուն» ծրագիրը լինի շարունակական, նորանոր առիթներ ընձեռվեն հայրենիք վերադառնալու և իրենց նպաստը ներդնելու հայրենիքը միասնաբար շենացնելու գործում: Տեղին է մեջբերել Վ. Բելինսկու խոսքերը. «Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկության»: