«Արի տուն» ծրագրի՝ հայրենիքում ապրել, սովորել և արարել ցանկացող երեխաները. լուսանկարներ

«Ով չի սիրում իր երկիրը, նա ոչինչ սիրել չի կարող»:

 Ջորջ Բայրոն

Հուլիսի 25-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 6-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը: Այս փուլին մասնակցեց 90 պատանի և աղջիկ՝ Բելգիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Շվեդիայից, Աբխազիայից, Հորդանանից,Վրաստանից, Լիբանանից: ՀՀ սփյուռքի նախարարությունից դասընթացի բացմանը ներկա էին Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջյումյանը, նույն վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ծրագրի պատասխանատուներից Աստղիկ Ասատրյանը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը առանձնացված խմբերում տարբեր աշխատանքներ էին տարվում՝ սկսած տառերի ուսուցումից մինչև հայրենագիտական գիտելիքների խորացում:

Հայոց լեզվի ուսուցման դասընթացի փակման օրը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի փոխտնօրեն Օլեգ Տիտարենկոն հրաժեշտի խոսքում արիտունցիներին մաղթեց հայի տոկոնություն և բարի երթ:  Հաջորդիվ խմբերից յուրաքանչյուրը հանդես եկավ գրական-գեղարվեստական տարբեր համարներով, բովանդակալից պաստառներով, որոնք ինքնատիպ անդրադարձ էին մեր ավանդույթներին և խորհրդանիշերին:

Մոսկվայի «Վերածնունդ» հայկական դպրոցի  տնօրեն  Շողիկ Փահլևանյանն առանձնացրեց և իր շնորհակալությունը հայտնեց Ռուսաստանից ժամանած իր սաներին՝ իմաստասիրական և ազգագրական խորություն ունեցող  պաստառի համար, որը արտացոլում էր հեթանոսական խորհրդակարգի առյուծակերպ արևի խորհրդանիշը՝ Միհր աստծուն, և երեխաների անձնանունները կրող արևի ճառագայթները՝ որպես հեռվից հայրենիքը ջերմացնող  լուսատուներ:  Ուսուցչուհի Լուսինե Հայրիյանի սաներն իրենց պաստառի հիմքում պատկերել էին Հայաստանի Հանրապետության քարտեզը, որի ներսում և չորսբոլորը՝ հեթանոսական ու քրիստոնեական խորդանիշերը, որոնք ներկայացնում էին նախաքրիստոնեական և քրիստոնեական պատմամշակութային շրջափուլերը: Մյուս խմբերի (ուսուցիչներ՝ Աիդա Օհանյան, Նարինե Գևորգյան, Սերա Շահինյան, Գայանե Բաբլոյան և Մաքրուհի Գևորգյան) սաների պաստառները ևս առանձնանում էին Հայաստանը բնութագրող խորհրդանիշ-պատկերներով:

Սույն փուլը նշանավորվեց հայրենիքում ապրել, սովորել և արարել ցանկացող երեխաների մեծաքանակությամբ: Ինչպես Ցիցերոնն է ասել. «Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր մարդ արմատներ գցի հարազատ հողում»: