«Եթե մեր ընտանիքներում չխոսենք հայերեն, ուրիշ որտե՞ղ կարող ենք խոսել».Ագնեսա Պետրոսյան

«Արի տուն» ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանում սփյուռքահայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերն առաջին անգամ եմ լինում Հայրենիքում: Նրանցից մեկի՝ Օդեսայից ծրագրին մասնակցող Ագնեսա Պետրոսյանի հետ  զրուցել է «Հայերն այսօր»

–Ագնեսա՛, դու Հայաստանում առաջի՞ն անգամ ես:

-Առաջին անգամ Հայաստանում եմ եղել 9-ը ամսականում, և , բնականաբար, ոչինչ չեմ հիշում…

ատ սիրուն կապույտ աչքեր ունես և բաց գույնի մազեր. մայրիկի՞դ ես նման, թե՞ հայրիկիդ:

-Հիմնականում՝  հայրիկիս:

–Տանը հայերե՞ն եք խոսում:

–Տանը մենք խոսումենք միայն հայերեն: Հայրս շատ խիստ է այդ հարցում և պահանջում է, որ ընտանիքում բոլորս հայերեն խոսենք: Ասում է՝ եթե ընտանիքում, շրջապատում  մեր մայրենիով չխոսենք, էլ որտե՞ղ , ե՞րբ պետք է գործածենք մեր լեզուն:

–Ուրեմն, լա՛վ ես հասկանում հայերեն:

-Ամեն ինչ չեմ հասկանում: Ես սովորում եմ հայկական կիրակնօրյա դպրոցում: Այնտեղ սովորում եմ հայոց լեզու և հայոց պատմություն:

–Ի՞նչ ես հիշում հայոց պատմությունից:

–Ես չեմ կարող որոշակի որևէ բան հիշել, բայց, հավանաբար, հայ ժողովրդի հայրենասիրությունն եմ հիշում մեր պատմության բոլոր ժամանակներում:

–Կիրակնօրյա դպրոցում սովորե՞լ եք հայկական պարեր:

–Այո՛, ես սովորել եմ պարել «Քոչարի», «Արգիշտի»: Ես  շատ եմ սիրում պարել:

–Ագնեսա՛, ո՞ր պարն ես ավելի շատ հավանում  և ինչո՞վ  են այդ  պարերը տարբերվում իրարից:

-«Քոչարի»-ն հեշտ պար է:   Այն իր մեջ  համընդհանուր շարժումներ  է պարունակում: «Արգիշտի»-ն սակայն ուրիշ պար է. ես  ավելի շատ սիրում եմ ա՛յս պարը: Պարում են և՛ տղաները, և՛ աղջիկները: Պարի սկզբում աղջիկներն են դուրս գալիս մոմերով և թիկնոցներով: Շարժումները տարբերվում էն: Երաժշտությունը շատ գեղեցիկ է:

–Ի՞նչ ես սիրում հայկական ուտելիքներից:

–Կաղամբով տոլմա եմ սիրում, խորոված. խմորեղենից  նախընտրում եմ գաթան:

–Ագնեսա՛, դու երգ կամ բանաստեղծություն գիտե՞ս Հայաստանի մասին:

–Այո՛, բայց անգիր. չեմ հիշում: Շատ սիրում եմ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունը:

–Դու ունե՞ս երազանք՝ կապված Հայրենիքի հետ:

-Այո՛, ես երազում էի  գալ Հայաստան, և իմ երազանքն  իրականություն դարձավ «Արի տուն» ծրագրի շնորհիվ. շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Սյուզան  Միրզոյան