«Երբ տեսա Մասիս սարը, անբացատրելի զգացում ունեցա»

Без-имени-110-300x146

ՀՀ սփյուռքի նախարարության ամենամյա «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը.

Գոհարիկ Սիմիկյան, 13 տարեկան, ԱՄՆ, Բոստոն:

- Ես սովորում եմ դպրոցում: Հայաստանում շատ եմ եղել, այստեղ են գրեթե մեր բոլոր հարազատները: Շատ տեղեր ենք գնացել, բայց ամենից շատ հավանում եմ Խորվիրապը: Մեր տատիկն էր հեռուստացույցով լսել ծրագրի մասին և խորհուրդ տվեց մասնակցել: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Վայելում եմ օդը, ջուրը, արևը, նաև՝ հայկական խորովածը:

Անահիտ Օհանյան, 13 տարեկան, ԱՄՆ, Բոստոն:

- Ես և Գոհարիկը մորաքրոջ աղջիկներ ենք: Շատ եմ սիրում Հայաստանը, մարդկանց, օդը, ջուրը, տեսարժան վայրերը, որտեղ միշտ ինչ-որ բան ունենք սովորելու:

Շատ եմ հավանում Խորվիրապը, Գառնին, Գեղարդը: Այնա՛ն բան ունենք պատմելու մեր ընկերներին: Շատ հետաքրքիր էր Մոսկվայից եկած Գագիկի մկրտության արարողությունը:

Ես էլ եմ մկրտվել, երբ շատ փոքր եմ եղել. ոչինչ չեմ հիշում, դրա համար էլ մեծ հետաքրքրությամբ էի նայում մկրտության ծեսը:

Անի Հայրապետյան, Վրաստան, Թբիլիսի:

-Շատ սիրուն է Հայաստանը, Երևանը: Ինձ ամենից շատ դուր եկավ Էջմիածինը՝ շքեղ, խորհրդավոր: Շատ լավն է Հայաստանի «խալխը» (ժողովուրդը): Քանի որ հայուհի եմ, որոշել եմ բարձրագույն կրթությունս շարունակել Երևանում՝ դառնալով լավ մանկավարժ: Ապրում եմ մի բարեհամբույր հայկական ընտանիքում, ուր կան երկու քույրիկներ՝ 14 և 17 տարեկան: Աննան և Սուսաննան շատ լավ աղջիկներ են, արդեն մտերմացել ենք:

Շատ էի լսել Մասիս սարի մասին, բայց այստեղից, շատ մոտիկից, սեփական աչքերովս տեսա այդ գեղեցիկ սարը, և աչքս չեմ կարողանում կտրել հիասքանչ տեսարանից: Մասիս սարն իմ Հայրենիքն է:

Սիմոն Խաչատրյան, 16 տարեկան, Երուսաղեմ:

-Առաջին անգամ եմ Հայաստանում, որի մասին շատ բան ենք սովորել Թարգմանչաց վարժարանում, ուր շատ լավ սովորեցնում են հայոց լեզուն ու պատմությունը: Երուսաղեմի հայերը շատ հայրենասեր են, սրբությամբ են պահպանում հայոց լեզուն, հայկական ավանդույթները:

Երբ տեսա Մասիս սարը, անբացատրելի զգացում ունեցա: Սիրեցի Հայաստանը, հայկական ամեն եկեղեցիները:

Կարինե Ավագյան