«Երջանիկ եմ, որ «Արի տուն» ծրագրի շնորհիվ տեսա Հայրենիքս, զգացի հայրենի տան ջերմությունը». Հրակ Բոսնոյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հետաքրքիր ու բովանդակալից մասն են կազմում նաև ճամբարային օրերը, որոնք անցնում են Աղավնաձորի գեղատեսիլ բնության գրկում. ծրագրի հերթական փուլերից մեկի ճամբարային առօրյայի վերջին՝ հրաժեշտի խարույկի օրը, «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի մասնակիցներից մի քանիսի հետ, որոնցից մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լիբանանից ծրագրին մասնակցող, շատ տպավորիչ՝ Հրակ անվամբ 15-ամյա պատանու հետ:

-Հրա՛կ, առաջին անգամ լինելով Հայաստանում՝ կներկայացնե՞ս քո տպավորությունները:

-Տպավորություններս հրաշալի են. մինչ այդ շատ էի լսել Հայաստանի մասին, Արարատ լեռան, Սևանի, բայց «Արի տուն» ծրագրի շնորհիվ այդ ամենը տեսա իմ աչքերով: Մենք մանկուց միշտ լսում ենք Հայաստանի մասին, ապրում ենք Հայրենիքի կարոտով, դպրոցում ու տանը լսում ենք հայերեն խոսք, երգեր, Հայոց պատմության դրվագներ, հայերեն աղոթք: Ավելի շատ գրքերում էի կարդացել Հայաստանի մասին ու ֆիլմերում տեսել: Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր ինձ քաջալերեցին, որ մասնակցեմ այս սքանչելի նախաձեռնությանը: Շատ շնորհակալ եմ այս ծրագրին, որն ինձ ծանոթացրեց իմ Հայրենիքին:

-Տեսարժան վայրերից ո՞րն է ամենից շատ քեզ դուր եկել:

-Բոլորն էլ տպավորիչ էին, սակայն առավել տպավորիչ էր Ծիծեռնակաբերդը, որովհետև այն իմ նախնյաց արյունալի ճակատագրի խորհրդանշական վկան է, հիշատակի վառ կրա՛կն է այնտեղ բոցկլտում: Այդ բարձունքից տեսա Երևանի գեղեցիկ համայնապատկերը, իսկ վերևում մաքուր, կապույտ երկինքն էր, որն այնքա՜ն մոտ էր թվում, տեսա հեռվից շողշողացող Մասիսը, հուզվեցի, նաև հպարտության զգացում ունեցա: Երջանիկ եմ, որ տեսա Հայրենիքս, զգացի հայրենի տան ջերմությունը:

-Հրա՛կ, ո՞ր երկրներից եկած երեխաների հետ կարողացար ավելի շատ ընկերություն անել, շփվել:

-Բոլորի հետ էլ կարողացել եմ շփվել, սակայն ավելի շատ շփվեցի Հորդանանից և ՌԴ-ից եկածների հետ. ափսոսում եմ, որ ռուսերեն չգիտեմ, որոշել եմ անպայման սովորել:

-Հայկական ո՞ր երգը, ո՞ր պարն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Ավելի շատ սիրում եմ սիրո թեմայով երգերը, պարերից շատ եմ սիրում «Քոչարի»-ն, որովհետև այն իր մեջ շատ կորով, հզորություն ունի:

-Բնականաբար, մայրիկիդ պատրաստած կերակուրներն ամենից համեղն են, սակայն Հայաստանում գտնվելու օրերին դու համտեսեցիր նաև ուրիշների պատրաստած հայկական ուտելիքները. դրանցից ո՞րը քեզ ամենից շատ դուր եկավ:

-Այո՛, մայրիկի պատրաստածն ամենից համեղն է, սակայն այստեղ էլ լավ են պատրաստում. շատ եմ սիրում խորովածն ու քաբաբը, որոնք հաճույքով ճաշակեցի իմ Հայրենիքում: Ճաշակել եմ նաև Հայաստանի համեղ մրգերը, սառնորակ, անփոխարինելի ջուրը: Շնորհակալությու՛ն այս ծրագրի բոլոր կազմակերպիչներին:

Զրուցեց Կարինե Ավագյանը