Լեհաստանից, Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած արիտունցիները

«Արի տուն-2017» ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Գառնու տաճար, Գեղարդավանք այցելած արիտունցիները` տպավորված այցելություններից, «Հայերն այսօր»-ի թղթակցին են փոխանցել իրենց զգացողությունները:

«Վերջին անգամ Հայաստանում 10 տարի առաջ եմ եղել, շատ տպավորված եմ, հայրենիքս շատ եմ հավանել: Ծրագրին առաջին անգամ եմ մասնակցում, շատ հաճելի օրեր ենք անցկացնում, անկեղծ ասած չէի պատկերացնում, որ այսքան լավ ժամանակ կանցկացնենք»,-ասաց Լեհաստանից ժամանած Սյուզաննա Տագեսյանը:

Թուրքիայից եկած մեր հայրենակից Արդեն Արսլանը շատ է հավանել Երևանի կենտրոնը. «Շատ գեղեցիկ տեսա հայրենիքս, սպասումներս արդարացան, այցելեցինք Սարդարապատի հուշահամալիր, որը հոգուս հարազատ զգացի: Լավ ժամանակ ենք անցկացնում, նոր ընկերներ եմ ձեռք բերել: Ստամբուլում հաճախում եմ հայկական դպրոց: Գիտեք, դժվար է ապրել թուրքերի հետ, բայց արդեն ժամանակի ընթացքում որոշ հարցերում ընդհանուր լեզու ենք գտել: Նրանց մեջ կան շատերը, որոնք մեզ լավ են վերաբերվում: Իհարկե կան նաև հակառակը մտածող մարդիկ»:

Կարեն Բարխուդարյանը հայրենիք է եկել Ռուսաստանի Դաշնությունից. «Հայաստանում առաջին անգամ չեմ, ընտանիքիս հետ ամեն տարի գալիս ենք, սակայն «Արի տուն» ծրագրին առաջին անգամ եմ մասնակցում, և շատ լավ ժամանակ ենք անցկացնում: Նորություն էր ինձ համար Հայկական վիրտուալ համալսարան այցելությունը, որն ինձ  շատ հետաքրքեց»:

Արփի Պետրոսյան

Լուսանկարները` Մայա Ավետիսյանի