«Կարոտում եմ սփյուռքահայ երիտասարդներին». «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիք

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Առաքելյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի շրջանակներում ակտիվորեն իր տանն է հյուրընկալում սփյուռքահայ երիտասարդներին՝ նրանց ծանոթացնելով հայ ընտանիքի սովորույթներին և կենցաղին:

Ծրագրի գոյության 8 տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից, Ախալքալաքից և Շվեդիայից արդեն 10 աղջիկ ու տղա է արժանացել տիկին Անահիտի ջերմ ու անկեղծ ընդունելությանը, որոնց մասին ժպիտով է խոսում: Բոլորին շատ է կարոտել և ուզում է նորից հանդիպել: Ծրագրի ավարտից հետո միայն ռուսաստանաբնակ Ռաիսային և Ռեգինային է մեկ անգամ հասցրել հանդիպել, երբ նրանք Հայաստան էին եկել: Անահիտ Առաքելյանի վստահեցմամբ՝ բոլորը դաստիարակված ու կարգապահ են եղել, աչքի են ընկել հայրենասիրությամբ և խելացիությամբ, որոնց հետ հաճույքով է շփվել:

Այժմ նա իր երկու տղաների հետ համացանցի միջոցով է հարազատ դարձած մարդկանց հետ կապը պահպանում, հաճախակի խոսում են՝ վերապրելով միասին անցկացրած ուրախ օրերը:

Ինչպես պատմում է «Հայերն այսօր»-ի զրուցակիցը, իրենց բնակարանը հյուրառատ է եղել, յոթ երեխաներով միշտ տեսել են, թե ինչպես են ծնողները բոլորին գրկաբաց ընդունում և ժպիտով ճանապարհում, ուստի դեռ փոքրուց այդ եռուզեռին սովորել են: Մանկությունից եկող դրվագներն էլ դարձել են այն «հիմնաքարը», որ այսօր Անահիտը մարդասիրական այդպիսի դրսևորում ցուցաբերի:

«Իմ տանը հյուրընկալված երիտասարդներին մայրաբար եմ վերաբերվել, այնպես եմ արել, որ երբեք օտարություն չզգան: Երբ «Արի տուն» ծրագրով նախատեսված շրջագայություններից տուն էին վերադառնում, մի փոքր հանգստանալուց հետո միասին հայկական ավանդական ուտեստներն էինք պատրաստում և ընթրում, որից հետո զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, իսկ հանգստյան օրերին տեսարժան վայրեր էինք այցելում, մշակութային միջոցառումների մասնակցում», – հուշերի գիրկն ընկնելով՝ ասաց Անահիտ Առաքելյանը և հավելեց, որ նրանց նաև Նոր Հաճնում գտնվող իրենց ամառանոց է տարել, որտեղ լավ ժամանակ են անցկացրել:

Անահիտ Առաքելյանը երբեք չի մոռանում, թե ինչ ոգևորությամբ ու հրճվանքով էին Շվեդիայի Ուպսալա քաղաքից «Արի տուն» ծրագրին մասնակցելու եկած Գևորգ և Արա Էքիզյանները ծիրան հավաքում՝ ասելով, որ իրենց կյանքում առաջին անգամ էին այդպիսի աշխատանք կատարում:

2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան: Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպվելու են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ՀՀ պետական բուհեր, զորամասեր, մասնակցություն մի շարք համահայկական ծրագրերի, ճանաչողական հանդիպումներ, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ: Նրանք կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

Գևորգ  Չիչյան