Հայաստանը հիանալի երկիր է, որտեղ շատ հյուրընկալ մարդիկ են ապրում. «Արի տուն-2017»

«Արի տուն-2017» ծրագիրն արդեն պատմություն է: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ծրագրին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայ պատանիներ: Նրանցից շատերն իրենց մայրենի լեզվին լավ չէին տիրապետում, շատերն էլ խառնամուսնության սերունդ էին, սակայն բոլորն էլ եկել էին իրենց հայրենիքը տեսնելու ու ճանաչելու:

Ռումինիայից ժամանած Թիգու Թուդոր Մարտինը հայերեն չգիտեր, բայց Հայաստանի պատմությանը բավականին տեղյակ էր և մեծ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում ցանկացած բան. «Առաջին անգամ եմ Հայաստանում, ծրագրի մասին ինձ ասաց տատիկս, ով հայ է: Շատ եմ հավանել Հայաստանը, հետաքրքիր թանգարաններ կան, Երևանը շատ գեղեցիկ է, ավելի լավն է, քան Բուխարեստը, որտեղ ես ապրում եմ: Այցելեցինք Նորավանք, այն ինձ շատ դուր եկավ: Դժբախտաբար, Հայաստանի մասին այդքան էլ տեղեկացված չէի, քանի որ հայրս ինձ չի պատմել: Չգիտեմ ինչու, որովհետև Հայաստանը հիանալի երկիր է, հայերը շատ հյուրընկալ են: Ցանկություն կա նորից գալ Հայաստան, բայց ոչ ամռանը, քանի որ հիմա շատ շոգ է»:

Դմիտրի Սերեբրիակովը եկել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ Մոսկվայից. «Հայաստանում առաջին անգամ չեմ, շատ անգամներ եմ եկել ծնողներիս, բարեկամներիս հետ: «Արի տուն» ծրագրին եմ առաջին անգամ մասնակցում, ինչի համար շատ ուրախ եմ: Հայաստանը շատ գեղեցիկ է, շինությունները շատ ջերմ են: Հավանել եմ Գառնու տաճարը, Գեղարդավանքը և Մատենադարանը»:

Մարիամ Աբովյանը նույնպես ժամանել էր Ռուսաստանի Դաշնությունից. «Արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում, իսկ ծրագրին առաջին անգամ եմ մասնակցում: Շատ լավ տպավորություններ ունեմ, ամեն ինչ հետաքրքիր է: Հավանել եմ Նորավանքը, Գեղարդավանքը և Սարդարապատը: Ռուսաստանում գնում եմ Հայաստանի պատմության դասերի և ցանկություն ունեմ այս տարի տեղափոխվել այստեղ ապրելու»:

Արփի Պետրոսյան

Լուսանկարները՝ Մայա Ավետիսյանի