ՀՀ սփյուռքի նախարարությունում ամփոփվեց «Արի տուն-2017» ծրագիրը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Արի տուն-2017» հայրենաճանաչության ծրագրի ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկվեցին «Արի տուն-2017» ծրագրի անցկացման հետ կապված հարցեր, վեր հանվեցին բոլոր ութ փուլերի ընթացքում առաջացած խնդիրները: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց մասնակիցների վիճակագրական ամփոփ պատկերը: Տարածաշրջանային ստորաբաժանումների ղեկավարներն անդրադարձան իրենց տարածաշրջանների մասնակցությանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծեց ծրագրի կարևորությունը սփյուռքահայ երիտասարդներին  հայրենիքի հետ կապելու գործում: Կարևորվեց նաև Հայոց լեզվի արագընթաց դասընթացի և Ճամբարային օրերի առավել արդյունավետ օգտագործումը, հյուրընկալ ընտանիքների մասնակցությունը ծրագրին: Անդրադառնալով խնդիրներին՝ նախարարը մատնանշեց դրանք լուծելու ուղիները:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Հավելենք, որ 2017 թվականին «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1047 սփյուռքահայ երիտասարդի: