Հյուրընկալ ընտանիք

ՀԱՐԳԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

Ծրագիրը 2017թ. մեկնարկում է հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  նաև անհատապես: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

Սիրելի հյուրընկալ ընտանիք, այստեղից կարող եք ներբեռնել հայտադիմումը: