«Ճամբարային առօրյան մեզ ավելի մտերմացրեց». «Արի տուն» ծրագրի ամերիկահայ մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից գրեթե միշտ շատ տպավորված են լինում սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները, որոնցից շատերն առաջին անգամ են Հայաստանում: «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցներիս ընթացքում հաճախակի եմ լսել հատկապես ճամբարային օրերի մասին նրանց հիացական տպավորությունները, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Լուիզա Ջորջիզյան, 12 տարեկան, ԱՄՆ, Լոս Անջելես-Այս ծրագրի մասին մայրիկս է ինձ ասել, իսկ ես էլ մեծ սիրով ցանկություն հայտնեցի անպայման մասնակցել ծրագրին և չեմ զղջում, ավելին՝ հնարավորության դեպքում կրկին կուզեի մասնակցել: Հետաքրքիր տեսարժան վայրերում եղանք, որոնք բոլորն էլ շատ են տպավորվել իմ մեջ. երբ Ամերիկա վերադառնամ, քրոջս, եղբորս, բոլոր ընկերներիս պիտի պատմեմ այդ մասին: Ճամբարային առօրյան մեզ ավելի մտերմացրեց. այստեղ հայկական երգեր ու պարեր սովորեցինք, մաքուր օդ շնչեցինք, վայելեցինք անտառներից եկող զովությունը, համեղ սնունդ կերանք: Սիրում եմ Հայաստանի մրգերը, համեղ ու սառնորակ ջուրը և…հայկական քաբաբը:

Լոս Անջելեսում ես սովորում եմ ռուսական դպրոցում, սակայն մեր ընտանիքը հայախոս է, հա՛յրս է հայոց լեզվի պահապանը մեր ընտանիքում. այս ծրագրի շրջանակներում հնարավորինս կատարելագործվեց իմ հայերենը:

Երևանում ինձ ամենից շատ դուր եկան մարդիկ, ովքեր շատ մաքուր են, կոկիկ: Ես շատ եմ սիրում կրել «Արի տուն» վերտառությամբ շապիկը: Շատ կկարոտեմ այս հիասքանչ օրերը. երբ մեծանամ, երևի մայրիկիս նման բժշկուհի դառնամ, գուցե Հայաստանում ստանամ բարձրագույն կրթություն և ընդմիշտ ապրեմ իմ Հայրենիքում: Շատ հուզիչ է ծրագրի ճամբարային առօրյայի այս վերջին օրը. բաժանումը նոր ընկերներից դժվար է լինելու, սակայն մենք ընկությունը կշարունակենք նաև համացանցի միջոցով: Գուցե, մի օր, երբ արդեն ավելի մեծ լինենք, կրկին հանդիպենք Հայաստանում:

Այս թուխ ու թխաչվի, գեղեցիկ դիմագծերով փոքրիկ հայուհին Սփյուռքում հայկական ինքնությունը պահպանած ընտանիքներից մեկի ճրագն է, ում ստացած հայեցի դաստիարակութունն ու փոքրիկ սրտում բույն դրած հայրենասիրության կայծերը մի օր անպայման անշիջելի խարույկ են դառնալու հայրենի հողի վրա:

Կարինե Ավագյան