Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստը

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստը:

Միջոցառմանը մասնակցեցին գերատեսչությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղական համայնքների ներկայացուցիչներ, հյուրընկալ ընտանիքներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ և ասել, որ «Արի տուն»-ը կյանքի կոչելը դարձել է համապետական ծրագիր։ Աշխարհի 57 երկրից հազարավոր պատանիներ և աղջիկներ են մասնակցել «Արի տուն» ծրագրին։ «Արի տուն»-ը դարձել է մի յուրօրինակ շաղախ Սփյուռքի և Հայրենիքի հազարավոր ընտանիքների միջև»։

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին, գերատեսչություններին, մարզպետարաններին, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, Երևանի վարչական շրջաններին՝ Սփյուռքից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին գրկաբաց ընդունելու և նրանց համար Հայրենիքում լավագույն պայմանները ստեղծելու համար։

Նախարարը կարևորեց ծրագրի շրջանակներում Մայրենիի ուսուցումը: «Ծրագրի յուրաքանչյուր օրը սկսվում է հայերենի ուսուցմամբ: Դասընթացի ավարտին խմբերը ներկայացնում են ամփոփիչ գրական-գեղարվեստական կոմպոզիցիաներ, ասմունք, երգ, պար», – նշեց նա:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանն ամփոփեց «Արի տուն»-2016թ. ծրագրի արդյունքները և ներկայացրեց 2017թ. ծրագիրը: Նա նշեց, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ 2016 թվականին հավաստագրերի և պատվոգրերի են արժանացել «Արի

տուն» ծրագրի իրականացման ակտիվ մասնակիցները: Սփյուռքի նախարարության գործունեության 8-րդ տարում ևս «Արի տուն»-ը իրականացվել է հաջողությամբ և աշխարհի 38 երկրից 900 երիտասարդներ այցելել են Հայաստան: 2016-ի ծրագիրն ընդգրկել է նաև խաչքարերի անհատական փորագրության, ինչպես նաև խեցեգործության և մանրանկարչության դասեր, որոնք իրականացվել  են քանդակագործ, ժողովրդական վարպետ Գարիկ Հովհաննիսյանի կողմից և մեծ արձագանք գտել սփյուռքահայ պատանիների և աղջիկների շրջանում: Դասերը շարունակական են լինելու: «2016-ին առաջին անգամ ծրագրի 8-րդ փուլի շրջանակներում կազմակերպվեց նաև նախկին արիտունցիների հավաք, որին մասնակցեց 10 երիտասարդ՝  4 երկրից», – հավելեց Ֆ.Զաքարյանը:

Ֆ.Զաքարյանը նշեց, որ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ 2017թ. ևս պատշաճ և բարձր մակարդակով հյուրընկալելու 1000 սփյուռքահայ երիտասարդի՝ ավելի քան 30 երկրից:

Մարզերից՝ «Լավագույն մարզ» անվանակարգում հավաստագրի արժանացավ Արարատի մարզը (մարզպետ՝ Արամայիս Գրիգորյան)՝ ամենաշատ երիտասարդներ ընդունելու համար, «Ակտիվ մարզ» անվանակարգում հավաստագրի արժանացավ Արագածոտնի մարզը (մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյան), իսկ «Պատրաստակամ մարզ» անվանակարգում՝ Կոտայքի մարզը (մարզպետ՝ Կարապետ Գուլոյան):

Մարզային համայնքներից՝ «Լավագույն համայնք» անվանակարգում հավաստագրեր ստացան Արարատի մարզի Փ.Վեդի գյուղը (26 երեխա), «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղը (19 երեխա), Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը (12 երեխա), Արարատի մարզի Արարատ քաղաքը (6 երեխա):

«Ակտիվ համայնք» անվանակարգում հավաստագրերի արժանացան Արարատի մարզի Վեդի քաղաքը (13 երեխա), Ավշար (11 երեխա) և Արգավանդ (10 երեխա) գյուղերը:

«Աջակից համայնք» անվանակարգում՝  Արարատի մարզի  Ոսկետափ (4 երեխա) և Մխչյան (3 երեխա) գյուղերը, Կոտայքի մարզի  Քասախ գյուղը (3 երեխա) և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը (3 երեխա):

Հյուրընկալ ընտանիքներից «Ակտիվ հյուրընկալող ընտանիք» անվանակարգում հավաստագրերի արժանացան Հովհաննես Սողոմոնյանը (Փ.Վեդի), Ռազմիկ Ղազարյանը (Ոսկետափ), Ռուդիկ Կարապետյանը (Մխչյան), Դավիթ Հոխոյանը (Մխչյան):

Ներկաները դիտեցին 2016թ. «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ: