Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը

Սիրելի՛ սփյուռքահայ երիտասարդ

Այցելելով Հայաստան և մասնակցելով «Արի Տուն» ծրագրին՝ դու կունենաս հնարավորություն ներթափանցելու մի հսկայական աշխարհի պատմության ու մշակույթի մեջ, աշխարհի, որ կոչվում է էթնիկ Հայրենիք:

Միաժամանակ դու կունենաս բացառիկ հնարավորություն ապրելու հայկական հյուրընկալ ընտանիքում և ձեռք բերելու հասակակից ընկերներ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից:

Դուք ձեր հայրենիքում եք՝ ձեր տանը: Ծրագիրն ունի բարոյական, հոգեբանական, քաղաքական, պատմական մեծ նշանակություն: Մենք խնդիր ենք դրել, որ մեր սփյուռքահայ երեխաները ապրեն մեր հայ ընտանիքներում, ճանաչեն հայկական կենցաղը, հայկական ավանդական ընտանիքի բարքերը, որ նրանք տեսնեն, զմայլվեն Արարատով, ոտք դնեն հայրենի հողում, ուժ առնեն դրանից, ձեռքերը լվանան Սևանա լճում, մոմ վառեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և խոնարհվեն Ցեղասպանության հուշարձանի առջև: Ես կարծում եմ, այս բոլոր գործողությունները կատարելուց հետո, նրանք շատ ավելի հզորացած հայկականությամբ վերադառնալու են իրենց երկրներ՝ շարունակելու հայապահպանության ամենակարևոր և ամենաանհրաժեշտ ծրագիրը, որն է` հավատարիմ մնալ հայ ինքնությանը, հայ համայնքին, հայ եկեղեցուն, հայ պետությանը:

Հրանուշ Հակոբյան

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագիրը  հաջողությամբ մեկնարկեց 2009-ին: Ծրագրի շրջանակներում 8 տարվա ընթացքում Հայաստան այցելեցին շուրջ 7000 հայազգի երիտասարդներ աշխարհի 54 երկրներից: Այս տարի մենք նախատեսում ենք ընդունել շուրջ 1000 երիտասարդի:

Ծրագրի հիմնական նպատակները - Սփյուռքահայ երիտասարդների ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին: Հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման նպաստումը, ազգային ինքնության ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև ջերմ հարաբերությունների հաստատումը:

Միջոցառումների ծրագիրը ներառում է - Այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, հայոց լեզվի, գրականության, պարարվեստի, հայոց պատմության և եկեղեցական ավանդույթների ուսուցում: Ծրագրի կարևոր բաղադրիչն է ակտիվ շփումը Հայաստանի և Սփյուռքի հասակակիցների հետ, ինչպես նաև հանդիպումներ պետական և հասարակական ակնառու գործիչների հետ:

«Արի տուն» ծրագրի 2017 թվականի իրականացման փուլերն են`

1

Հունիսի 18 – հուլիսի 1

2

Հունիսի 25 – հուլիսի 8

3

Հուլիսի 2 – հուլիսի 15

4

Հուլիսի 9 – հուլիսի 22

5

Հուլիսի 16 – հուլիսի 29

6

Հուլիսի 23 – օգոստոսի 5

7

Հուլիսի 30 – օգոստոսի 12

8

Օգոստոսի 13 – օգոստոսի 26

Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ:

Ծրագրի մասնակիցը հոգում է հետևյալ ծախսերը – բնակության երկրից Հայաստան և հետադարձ ուղեվարձի  արժեքը:

Սփյուռքի նախարարությունը ապահովում է

  • Անհրաժեշտության դեպքում` անվճար Հայաստան մուտքի արտոնագիր:
  • Փոխադրամիջոց (դիմավորում, տեղափոխում հյուրընկալող ընտանիք, շրջագայություններ ծրագրի շրջանակներում, ճանապարհում)

Սնունդ (նախաճաշ և ընթրիք` հյուրընկալող ընտանիքում և ճաշ ծրագրի շրջանակներում)

  • Ծրագրի տարբերանշանով համազգեստ (շապիկ, գլխարկ, պայուսակ)
  • Անվճար մուտք թանգարաններ և այլ մշակութային հաստատություններ` ծրագրի շրջանակներում

Ծրագրին մասնակից դառնալու համար անհրաժեշտ է անցնել տվյալ կայքի «Մասնակցել» բաժին:

Հարգելի մասնակիցներ, նախապես կարող եք ծանոթանալ և տեղեկացված լինել, թե ինչ ծրագրով եք շրջագայելու: Ներբեռնել ծրագիրը: