Մասնակից Սփյուռքից

ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

Ծրագիրը 2017թ. մեկնարկում է հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու է բժիշկը և ոստիկանական անձնակազմը:

Կից կարող եք ներբեռնել ծրագրին մասնակցելու հայտադիմումը:

Հայտադիմում

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչություն
Հասցե` ք. Երևան 0010, Վ.Սարգսյան 3,
Հեռ.` (+37410) 58-56-01 (700)
(+37460) 500-830
(+37410) 52-02-46, 52-14-10
Էլ. փոստ` aritun.mindiaspora@gmail.com